Կան երազանքներ, որոնք հասնում են մինչև աստղեր։ Եվ կան երազանքներ, որոնք պարզապես ուզում են ջերմություն։
Արփին երազում էր տաք հագուստի մասին։ Ոչ խաղալիքի, ոչ արկածի — պարզապես ուզում էր ձմռանը դուրս գալ և չմրսել։ Ուզում էր, որ սառը քամին այլևս ավելի ուժեղ չլինի, քան ինքը։
Երբ կարդացինք Արփիի երազանքը չզարմացանք, որովհետև վեց տարվա մեջ հազարավոր փոքրիկների երազանքներ իրականացնելը մեզ եկել են ապացուցելու, որ տաք հագուստ, ջերմություն ցանկացող երեխաները քիչ չեն, ու մեր միսսիան նրանց թևեր տալն է, որ հետագայում երազեն ավելիի մասին ։ Երեխան, ով ստիպված է երազել ջերմության մասին, դեռ չի կարողանում երազել թռիչքի մասին։
Այսօր Արփին տաք է։ Նրա ուսերին կա հագուստ, որ պատմում է նրան մի պարզ, բայց կարևոր բան. « Դու արժանի ես ավելիին։»
Եվ մենք հավատում ենք, որ հենց այս պահից — այս փոքր, ջերմ պահից — Արփին կսկսի երազել ավելի բարձր։ Որովհետև երբ փոքր երազանքն իրականանում է, երեխան հասկանում է, որ երազելն ապահով է։
Մեր նպատակը մեկն է. փոքր երազանքները իրականացնելով՝ թույլ տալ, որ մեծ երազանքները ծնվեն։